ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը Արիության մեդալով հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Չինարիի ուղղությամբ հակառակորդի դիվերսիան կանխած ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանին: Շավարշի մեդալը ստացավ հայրը` Մելիքսեթ Մելիքյանը:
«Շատ գաղտնապահ էր, երբեք ոչ մի բան չէր պատմում ծառայության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքսեթ Մելիքյանը` նշելով, որ որդուն մոտ 1 տարի չէր տեսել, քանի որ մեկնել էր արտագնա աշխատանքի: «Հիմա հասկանում եմ` Շավարշը մենակ իմը չէր, ինքն ազգինն էր: Մեդալն այդքան էլ կարևոր չէ, կարևորը որ իմ տղան իրենով պահել է մեզ ու ամբողջ Աշոցքն իր ձեռքերի վրա տանելով է ճանապարհել»,- ասաց ավագ լեյտենանտի հայրը: